Մենք երբեք չպետք է մոռանանք Հայոց ցեղասպանության զոհերի մասին․ Ջասթին Թրյուդո

17:52, 24 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին միանում է Կանադայի և ամբողջ աշխարհի հայ համայնքներին՝ հարգելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակը, ում մասին երբեք չպետք է մոռանալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Թրյուդոն գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։

«Մենք երբեք չպետք է մոռանանք Հայոց ցեղասպանության զոհերի մասին։ Այս հանդիսավոր օրը մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ կառուցելու մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուրը կարող է ապահով զգալ իրեն խտրականությունից և հետապնդումներից՝ անկախ նրանից, թե ով է նա, որտեղից է և ինչին է հավատում», - գրել է Կանադայի վարչապետը:

Թրյուդոն հանդես է եկել նաև հայտարարությամբ, որտեղ ասել է, որ ապրիլի 24-ին իրենք հարգանքի տուրք են մատուցում նրանց, ովքեր անարդարացիորեն տուժել և զոհվել են այս ողբերգական ժամանակաշրջանում: «Մենք հարգում ենք նրանց սերունդներին, այդ թվում՝ հայկական ծագում ունեցող կանադացիներին, որոնք այդքան շատ բան են արել մեր երկիրն ամրապնդելու համար։ Ճանաչելով Հայ ժողովրդի ուժն ու ոգին՝ մենք նույնպես հույսով ենք նայում խաղաղության ու փոխադարձ հարգանքի ապագային։ Այլևս երբեք չպետք է անտարբեր լինենք ատելության և բռնության դրսևորումների նկատմամբ»,- ասել է Թրյուդոն։

Օսմանյան կայսրության կողմից 1915 թ․ հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր։ Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը։ Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն։ Կանադայի Սենատը 2002 թ․ հունիսի 13-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող որոշում։ 2004 թվականի ապրիլի 21-ին նույն որոշումն ընդունել է նաև Կանադայի Համայնքների պալատը։

Լիլիթ Դեմուրյան


© 2009 ARMENPRESS.am