Հայ ժողովրդի տառապանքը երբեք չի մոռացվի. Բունդեսթագի պատգամավորը վերհիշեց այցը Ծիծեռնակաբերդ  

15:16, 24 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության Արևելյան գործընկերության երկրների, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հարցերով համակարգող, Բունդեսթագի պատգամավոր Դիրկ Վիզեն (ՍԴԿ) վերհիշում է Ծիծեռնակաբերդ իր այցը և հույս հայտնում, որ դա գուցե օգնի հիշողությունը վառ պահելուն: Դիրկ Վիզեն այս մասին ասաց Հայոց ցեղապանության 105-րդ տարելիցի առթիվ «Արմենպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում:

-Գերմանիայի Բունդեսթագի կողմից 2016 թվականին ընդունված բանաձևում կարևորվում է գերմանական ուսումնական ծրագրերում, կրթական ծրագրերում Հայոց ցեղասպանության թեման ներառելու անհրաժեշտությունը՝ որպես 20-րդ դարում էթնիկ հակամարտությունների պատմության մի մաս: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվել այս ուղղությամբ:

 -Իմ լիազորությունների շրջանակում՝ որպես Գերմանիայի Բունդեսթագի անդամ, ես քվեարկեցի հօգուտ 2016-ի հունիսի 2-ին Գերմանիայի Դաշնային խորհրդարանի կողմից գրեթե միաձայն ընդունված քաղաքական բանաձևի: Այդ տեքստը կոչ է անում լայն հասարակական քննարկումներ անցկացնել և նպատակ ունի խրախուսել Գերմանիայի, Թուրքիայի և Հայաստանի դերակատարների կողմից կառուցողական քայլերը՝ փոխըմբռնման և հաշտեցման համար: 2018-ին Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի և Արևելյան գործընկերության երկրների հարցերով Գերմանիայի կառավարության համակարգողի պաշտոնը ստանձնելուց հետո ես արտոնություն ունեցա 2020-ի մարտի սկզբին այցելելու Երևան: Դա ներառում էր տպավորիչ այց նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ես այնտեղ վրդովվեցի՝ հիշելով հայ ժողովրդի տառապանքը, որը երբեք չի մոռացվի: Ես հուսով եմ, որ Երևան և Ծիծեռնակաբերդ իմ այցը կարող է ծառայել հիշողությունը վառ պահելուն, ինչպես նախկինում արել են կանցլեր Անգելա Մերկելի և այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի նախորդ քաղաքական այցերը: Քանի որ Գերմանիայում դպրոցական ուսումնական ծրագրերը գտնվում են գերմանական դաշնային սուբյեկտների իրավասության ներքո, ես, ցավոք, ի վիճակի չեմ ձեզ մանրամասն տեղեկություններ տրամադրել այդ թեմայի վերաբերյալ: Այնուամենայնիվ, կցանկանայի ընդգծել վերջին տարիներին քաղաքացիական հասարակության բազմաթիվ դերակատարների կողմից իրականացված կրթական աշխատանքի կարևորությունը:

Դաշնային կառավարությունը տրամադրել է ֆինանսավորում՝ «Deutscher Volkshochschul-Verband»-ի կողմից՝ «Հրանտ Դինք» հիմնադրամի հետ համատեղ իրականացվող հիշատակի և հաշտեցման ծրագրի համար: Ծրագիրն իրականացվել է Գերմանիայի արտաքին գործերի և միջազգային հարաբերությունների երիտասարդական նախաձեռնության՝ Հայաստանում, Թուրքիայում, Ֆրանսիայում և Իսրայելում գործող գործընկեր կազմակերպությունների կողմից: Կառավարությունը ֆինանսավորել է նաև Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգի համար, որը կազմակերպել է Գերմանիայի Մաքսիմ Գորկու թատրոնը՝ Անդոլու Կալթարի և Կալան Մուզիկի հետ համագործակցությամբ:

 -Մոտ 30 տարի Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ չեն եղել: Ավելին, Թուրքիան փակ է պահում Հայաստանի հետ սահմանը: Այս հանգամանքները խոչընդոտում են տարածաշրջանի կայունությանը և զարգացմանը: Ի՞նչ օրակարգ ունի Գերմանիան այս հարցում՝ ԵՄ հարևանության քաղաքականության շրջանակներում:

 -Գերմանիան ստորագրել և վավերացրել է ԵՄ-ի, նրա անդամ պետությունների և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, և մենք հավատարիմ ենք նրա նպատակին`«նպաստել, պահպանել և ամրապնդել խաղաղությունն ու կայունությունը՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային մակարդակում միանալով ջանքերին՝ վերացնելու լարվածության աղբյուրները, ուժեղացնելու սահմանային անվտանգությունը և խթանելու միջսահմանային համագործակցությանն ու բարիդրացիական հարաբերություններին»: Գերմանիան լիովին համամիտ է ԵՄ դիրքորոշմանը, ինչպես ասված է Գործընկերության խորհրդի 2019 թվականի հունիսի 13-ի նիստում՝ աջակցել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը և ընդգծել անհրաժեշտությունը, որ երկու կողմերն առանց նախապայմանների ներգրավվեն այս գործընթացում:

 Գերմանիայի Բունդեսթագը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունել է 2016-ին: Բանաձևը վերնագրված էր «1915 թ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին»: Օսմանյան կայսրության կողմից 1915 թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը:

Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն:

Աննա Գրիրգոյան


© 2009 ARMENPRESS.am