Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը ոճրագործության շարունակությունն է. Արցախի ԱԳՆ

14:21, 24 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։

«Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունը․

«Այսօր ապրիլի 24-ն է. լրանում է Օսմանյան Թուրքիայի կողմից ծրագրված և իրականացված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը:

Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը հայ ժողովրդին զրկեց իր պատմական հայրենիքից, այդ աննախադեպ հանցագործության հետևանքով միլիոնավոր հայեր ստիպված եղան բռնագաղթել և հաստատվել աշխարհի տարբեր անկյուններում. սկիզբ դրվեց Արևմտյան Հայաստանի հայկական մշակութային ժառանգության կազմակերպված զանգվածային ոչնչացմանը:

Օսմանյան կայսրության իրավահաջորդի՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը ոճրագործության ուղղակի շարունակությունն է: Մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման համատեքստում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը կարևորագույն նշանակություն ունի:

Այսօր համայն հայությունը՝ Մայր Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ոգեկոչում է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը: Համոզված ենք, որ միայն հայկական երկու հանրապետությունների և Հայրենիք-Սփյուռք միասնության շարունակական հզորացման և ամրապնդման միջոցով է հնարավոր հաղթահարել Հայոց Ցեղասպանության անամոքելի վիշտը և երաշխավորել իրենց հայրենիքում անվտանգ ապրելու և արարելու մեր հայրենակիցների անբեկանելի իրավունքը»,- նշված է հայտարարության մեջ։

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն:

Կարեն Խաչատրյան


© 2009 ARMENPRESS.am