Հնդկաստանի արտգործնախարարը հայտնել է Հայաստան բժշկական օդանդակություն ուղարկելու մասին

19:51, 21 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ջայշանկարը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում այս մասին հայտնելով նշել է, որ ակնկալում է, որ շուտով Հայաստան կհասնի Հնդկաստանից ուղարկված բժշկական օժանդակությունը։

«Ջերմ զրույց ունեցա եղբայրական Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Քննարկեցինք մեր բարեկամության ու համագործակցության ամրապնդումը, նույնիսկ այն ժամանակ, երբ պայքարում ենք կորոնավիրուսի խնդրի դեմ։ Գնահատում ենք Հայաստանի հոգատարությունը այնտեղ գտնվող հնդիկ ուսանողների նկատմամբ։ Ակնկալում ենք, որ մեր բժշկական օժանդակությունը շուտով կժամանի այնտեղ»,- գրել է Ջայշանկարը։

Հայաստանում ապրիլի 21-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1401 է, արձանագրվել է մահվան 24 դեպք: Ընդհանուր առմամբ, կատարվել է 13 հազար 929 թեստ։ Ապաքինված պացիենտների թիվը 609 է։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 768 պացիենտ:

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Նորայր Շողիկյան


© 2009 ARMENPRESS.am