Ապրիլի 24-ին վարչապետը, կաթողիկոսն ու այլ բարձրաստիճան այրեր կայցելեն Ծիծեռնակաբերդ

16:58, 21 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Բ-ի այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կուղեկցվի հանրահայտ դաշնակահար, վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի կատարումով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

«Ապրիլի 24-ին ժամը 10։00-ից կմեկնարկեն ՀՀ վարչապետի, Նախագահի, ԱԺ նախագահի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցերը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Խոնարհումի արարողությունն ուղեկցվելու է հանրահայտ դաշնակահար, վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի կատարմամբ։ Հարգանքի տուրքը գեղարվեստական ծրագրով կմեկնարկի նույն օրը ժամը 22։00-ին պետական կոլեկտիվների և անհատ կատարողների մասնակցությամբ։ Ծրագիրն ընդգրկելու է դասական և ժողովրդական ժանրի ստեղծագործություններ և տևելու է մինչև լուսաբաց»,- նշեց Աղաջանյանը։

Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության օրերին տեղաշարժի սահմանափակման պատճառով ապրիլի 24-ին այցելուների մուտքը փակ կլինի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Լիլիթ Դեմուրյան


© 2009 ARMENPRESS.am