Ձեր ոգևորիչ խոսքերը մեզ ուժ են տալիս. Առաջին վարակակրին ընդունած բժշկի մտորումներն ու հորդորը

09:24, 20 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նաիրա Ստեփանյանը «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բժիշկ-վարակաբանն է, բուժական բաժանմունքի պատասխանատուն: Նա այն բժիշկն է, ով ընդունել է Հայաստանում կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտին: «Արմենպրես»-ի հետ զրույցում վերհիշելով առաջին վարակակրի հետ աշխատանքը, հետագա զարգացումները, անդրադառնալով այսօրվա իրավիճակին՝ բժիշկը հղում է իր գլխավոր խոսքը՝ մի կորցրեք զգոնությունը:


Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության առաջին հաստատված դեպքն ու բժիշկների արձագանքը


Երբ կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը հաստատվեց, երեկոյան ուժ ժամ էր: Մինչ այդ բժիշկները սովորական աշխատանքային ռիթմով գործի մեջ էին, աշխատանքից գնում էին տուն ու վերադառնում: Առաջին դեպքի հաստատումից հետո ամեն ինչ փոխվեց՝ աշխատանքային պայմաններից մինչև զգացողություններ:
«Առաջինն, ինչ ես զգացի, տագնապ էր, չբացատրված տագնապ: Ահազանգ էր այն մասին, որ վերջ, Հայաստնում սկսվեց դեպքերի արձանագրումը: Ես շփոթված էի, ինչ-որ առումով վախեցած, որովհետև մինչ այդ չէինք աշխատել այդ վիրուսի հետ, դեպքն առաջինն էր մեր երկրում: Անելիքներն ու գործողությունները պետք է լինեին հստակ՝ պաշտապանական ավելի ուժեղացված ռեժիմով: Հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում, երբ արդեն սկսեցինք աշխատել հաստատված դեպքի հետ կոնկրետ, հստակ գործողություններով, զգացողությունները, իրավիճակը փոխվեցին: Տագնապն անմիջպապես անցավ, հստակեցվեց աշխատանքային գրաֆիկը, ձևաչափը, պլանը, հիվանդանոցը վերապրոֆիլավորվեց: Անհանգստությունն անցավ ու սկսեցինք աշխատանքը հստակ դեպքի հետ»,-պատմում է Նաիրա Ստեփանյանը:


Ցանկացած պացիենտի առողջացումն ու դուրս գրումը տոն է բժշկի համար


Այս իրավիճակը նոր էր նաև պացիենտի համար: Երբ թեստի պատասխանն իմացավ, կարճատև շփոթմունք եղավ, հետո ամեն ինչ անցավ: Բժշկի բնորոշմամբ, հավասարակաշռված երիտասարդ էր, նրա կինը նույնես իրենց մոտ էր հոսպիտալացված:
«Իհարկե, իրավիճակը նոր էր, սակայն, երիտասարդի հետ հոգեբանական առումով, եթե անկեղծ լինեմ, խնդիր չի եղել: Նա չունեցավ բարդություն, երրորդ օրվանից որևիցե միջամտության կարիք չեղավ, մենք պարզապես սպասում էինք օրերի ավարտին, վերջնական հետազոտմանը: Ասեմ, որ ցանկացած պացիենտի առողջացումը, դուրս գրումը մեզ համար տոն է: Երբ տեսնում ես պացիենտի ոգևորությունը, լիցքաթափությունը, լսում ես նրանց ջերմ խոսքերը, հավատացած եղեք, դա ամենամեծ պարգևն է և ամենամեծ շնորհակալությունը: Երբ մտա պացիենտի մոտ ասելու, որ թեստի արդյունքը բացասական է, տեսա, որ ինքն արդեն իրերը հավաքել, սպասում է: Կարծես, թե գիտեր, որ թեստի արդյունքը բացասական է լինելու: Շատ ուրախությամբ շնորհակալություն հայտնեց և գնաց: Մենք թեթևացած շունչ քաշեցինք՝ տեսնելով, որ սկսվեցին առողջացումները:
Պացիետների առողջացումը, դուրս գրումը մեզ ուժ է տալիս: Լինում են դեպքեր, երբ պացիենտը ծանր է լինում, օր ու գիշեր կողքն ես մնում, ժամերով անցկացնում ես մահճակալի մոտ: Երբ տեսնում ես, որ ցուցանիշները գնում են դեպի լավը, դա արդեն թեթևություն է, մեծ ուրախություն է ցանկացած բժշկի ու պացիենտի համար»,-ասաց բժիշկը:



Ծանրաբեռնվածության առաջին ալիքը


Ծանրաբենռվածության առաջին ալիքը մարտ ամսվա մեջ էր, երբ Էջմիածնի դեպքերը եղան, ընդունվեցին նաև կոնտակտավորները: Այդ ժամանակ, ոչ միայն պացիենտների թիվն ավելացավ, այլև սկսվեցին դեպքերի ծանրացումները: Բժիշկները հասկացան, թե ինչ դժվար աշխատանք է սպասվում:
«Առաջին պացիենը բարդություն չունեցավ, այսինքն՝ շատ հեշտությամբ անցկացրեցինք այդ շրջանը, սակայն երբ եկան Էջմիածնի դեպքերը, զգացինք իրավիճակի լրջությունը, պացիենտների ծանրության աստճիանը»,-ասաց նա:
Նաիրա Ստեփանյանը մարտի 2-ից տուն չի գնացել: Այս ընթացքում հեռու է գտնվում ընտանիքից, հարազատներից: Հարցին, թե ինչն է պակասում բժիշկներին, պատասխանը միանշանակ էր՝ իրենց ընտանքիների ֆիզիկական ներկայությունը, ջերմությունը:
«Մեզ պակասում է մեր ընտանքիների ֆիզիկական ներկայությունը, նրանց ջերմությունը, հարազատ մարդու աջակցությունը: Ֆիզիկապես նրանց չտենսելը, ամենամեծ դժվարությունն է յուրաքանյուրիս համար: Այստեղ հիմնականում աշխատում են ընտանիք ունեցող մարդիկ: Կան աշխատողներ, որոնք ունեն փոքրիկներ, դպրոցահասակ երեխաներ: Նրանցից հեռու լինելը շատ դժվար է: Երբեմն հուզմունքին չենք դիմանում, տեղի ենք տալիս մեր զգացմունքներին: Ասեմ նաև, որ ունենք ժամանակի պակաս, 24 ժամը չի բավարարում»,-ասաց Նաիրա Ստեփանյանը:


Ոգևորիչ խոսքեր, գնահատականներ, որոնք բժիշկներին ուժ են տալիս


Վերջին շրջանում հաճախ հնչող խոսքերից են՝ բժիշկներն այսօրվա հերոսներն են, նրանց կատարած աշխատանքն անգնահատելի է: Նաիրա Ստեփանյանն ընդգծում է՝ այս և նման այլ ոգևորիչ խոսքերն իրենց ուժ են տալիս:
«Այդ խոսքերը մեզ հասնում են: Այսօր սոցիալական ցանցերն այդ հարցում առաջնային դեր են խաղում: Հավատացեք, շատ հաճելի է շնորհակալական, գնահատանքի խոսքեր լսելը, դրանք մեզ ուժ է տալիս»,-ասաց նա:


Բժշկի գլխավոր հորդորը


Նաիրա Ստեփանյանը նշում է, որ այս օրերին հասարակության շրջանում նկատվում է զգոնության թուլացում: Նա ընդգծում է՝ տնից դուրս գալ, միայն խիստ անհրաժեշտության դեպքում և լուրջ վերաբերել մասնագետների հորդորներին:
«Անհրաժեշտ է մնալ տանը: Ամեն դեպքում, եթե կա խիստ անհրաժեշտություն տնից դուրս գալու, և այլ կերպ հնարավոր չէ, ապա պեռք է գոնե ապահովել անհատական պաշտպանիչ միջոցառումները, պարտադիր լինել դիմակով, հաճախակի ախտահանել ձեռքերը, անկախ ամեն ինչից, պահպանել սոցիալական հեռավորությունը: Զերծ մնալ համբուրվելու տեսքով բարևներից, ձեռքսեղմումից, գրկախառնումից: Այո, զգոնությունը թուլացել է: Մեր մտածելակերպի մեջ կան որոշ դրսևորումներ, թե մեզ հետ ոչինչ չի լինի, կորոնավիրուսով չենք վարակվի: Ես ուզում եմ, որ մարդիկ աչալուրջ լինեն: Ամենաճիշտ բնութագրող խոսքը՝ մի կորցրեք զգոնությունը, ոչ ոք ապահովագրված չէ, հիշեք՝ ցանկացածը կարող է վարակվել»,-հավելեց Նաիրա Ստեփանյանը:


Աննա Գզիրյան


© 2009 ARMENPRESS.am