Կինոն աշխարհին մեր երկրի, ժողովրդի մասին պատմելու լուրջ գործիք է. ապրիլի 16-ը Հայկական կինոյի օրն է

13:10, 16 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին անգամ ապրիլի 16-ը Հայաստանում պաշտոնապես նշվում է որպես Հայ կինոյի օր: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը կարծում է, որ եթե ժամանակին հնարավոր լիներ հայկական կինոն ցուցադրել միջազգային հարթակներում, մենք կլինեինք առաջիններից մեկը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հարություն Խաչատրյանն ընդգծեց, որ հայկական կինոն լուրջ հիմքեր ունի:

«1923 թվականի ապրիլի 16-ին որոշվեց ստեղծել պետական կինոն, ծնվեցին հայկական համր ֆիլմեր, որոնք չէին տարբերվում ոչ մի երկրի ֆիլմերից: Եթե հնարավոր լիներ հայկական կինոն դուրս բերել համաշխարհային կինոշուկա, ֆիլմերը ցուցադրել միջազգային կինոփառատոններում, մենք կարող էինք լինել առաջիններից մեկը: Դժբախտաբար, հետագայում շատ ուշադրություն չդարձրին մեր ունեցած կինոյի սկզբին: Բացի երևանյան ցուցադրություններից, Մոսկվայում, Նյու Յորքում մի քանի ցուցադրությունից, այլ ցուցադրություններ չեղան»,-պատմեց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ շատ կարևոր է հիշել հայկական կինոյի սկիզբը, վերականգնել և թվայնացնել մեր կինոյի ժառանգությունը: Ռեժիսորը վստահ է, որ դա անհրաժեշտ է, քանի որ մի քանի անգամ համր ֆիլմերը վատ որակով ցուցադրել են տարբեր երկրների փառատոններում, և հանդիսատեսը հիացել է մեր կինոժառանգությամբ:

«40-50-ական թվականներին շատ ֆիլմեր չեն նկարահանվել, բայց հետո Բեկնազարյանը, Մալյանը, Դովլաթյանը, Փելեշյանը, Երզնկյանը հետաքրքիր ֆիլմեր են ստեղծել, որոնք ցուցադրվել են Մոսկվայում: Դրանք հետագայում աշխարհ դուրս չեկան, որովհետև ամեն բան կախված էր ռուսական իշխանության ճաշակից: Ըստ իս՝ մենք պետք է շարունակենք վերականգնել մեր ժառանգությունը, ստեղծել սինեմատեկ, թանգարան և ապրիլի 16-ը աշխարհում թնդացնել, որովհետև կինոն շատ լուրջ գործիք է երկրի, ժողովրդի մասին աշխարհին պատմելու համար: Այն լավ զենք է, որը պետք է անընդհատ օգտագործել»,-շեշտեց միության նախագահը:

Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ ազգային ժողովին ապրիլի 16-ը պաշտոնապես Հայ կինոյի օր ճանաչելու համար: Նա նշեց, որ շատերն ասում էին, թե Կինոյի միջազգային օր կա, և դա բավարար է, բայց  Հայ կինոյի օրն այլ է: Այն պետք է ընդգծի մեր կինոյի յուրահատկությունը, մեր կինոն պետք է ցուցադրվի արտերկրում, տարբեր փառատոններում հայկական կինոյի օրեր պետք է անցկացվեն:

Անդրադառնալով Հայաստանում ստեղծվող ժամանակակից կինոյին՝ Խաչատրյանն ասաց, որ առաջ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում շատ քիչ հայկական ֆիլմեր էին ներկայացվում, բայց հետագայում փառատոնն ունեցավ առանձին հայկական կինոյին նվիրված ծրագիր, որն ընդգրկում էր ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ ռեժիսորների գործեր, իսկ հիմա, ֆիլմերի քանակով պայմանավորված, կարող են անգամ մի քանի ծրագիր  անել:

«Տաղանդավոր և շնորհալի ստեղծագործողներ կան, բայց կինոն մեծ արտադրություն է և բավականին մեծ գումարների, ներդրումների կարիք ունի: Մենք քիչ՝ մեկ մլն դոլար ենք հատկացնում կինոյին: Մեղքն իշխանություններինը չէ: Մենք տասնյակ տարիներ փորձում ենք կինոն պահպանել: Հիմա մեկ ֆիլմն արժե 4 կամ 5 մլն դոլար, իսկ մենք  խաղարկային, վավերագրական, մուլտիպլիկացիոն, մի խոսքով՝ ամբողջ հայկական կիոյին հատկացնում ենք մեկ մլն դոլար, բայց մեղադրելու չէ, որովհետև մենք ունեցանք երկրաշարժ, պատերազմ, շրջափակում: Կինոն հարուստ երկրների գործիք է, բայց շատ կարևոր զենք է: Պետք է վերանայել մեր սկզբունքներն ու հասկանալ, թե ինչ զենք ենք օգտագործում՝ կինոն, հրանոթը, թնդանոթը, ռադիոն, թե…»,-ընդգծեց կինոռեժիսորը:

Հարություն Խաչատրյանը, այնուամենայնիվ, կարևորում է այն փաստը, որ կինոարվեստը որոշակի ֆինանսավորում ստանում է: Կան հետաքրքիր երիտասարդներ, որոնք մրցանակների են արժանանում ոչ միայն մեր երկրում, այլև արտերկրում, բայց բարդ է համակարգել ոլորտը, քանի որ դեռ չկա կինոյի մասին օրենք: «Մենք չենք կարողանում գումարներ ներգրավել միջազգային ֆոնդերից, որպես համատեղ կինոարտադրություն: Հույս ունեմ, որ մինչև աշուն օրենքը կընդունվի, և մենք իրավունք կունենանք համատեղ ֆիլմեր նկարել տարբեր երկրների հետ՝ հիմնական գումարը ստանալով նրանցից, քանի որ ֆոնդեր շատ կան»,- նշեց Խաչատրյանն ու հավելեց, որ լավ կլինի, եթե երիտասարդները կրթություն ստանան արտերկրում, որովհետև  կինոյի դպրոցները փոխվել են, կինոյի ոճը, ձևը, մտածելակերպն է փոխվել, իսկ մենք դեռևս հնաոճ ենք»,- եզրափակեց կինեմատոգրաֆիստների միության նախագահը:

Ապրիլի 16-ը Հայ կինոյի օր նշելու նախաձեռնությունն իրականացվել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության, Հայաստանի ազգային կինոակադեմիայի,  պրոֆեսիոնալ գիլդիաների ներկայացուցիչների, ինչպես նաև կինոյի ոլորտի այլ գործիչների և կազմակերպությունների ջանքերով:

Ապրիլի 16-ին հայկական հեռուստաեթերով կհեռարձակվեն մեր կինոժառանգության լավագույն նմուշները՝ տարբեր շրջաններում ստեղծված հայկական ֆիլմեր, որոնք մեր ինքնության, բնավորության, ապրելակերպի արտացոլումն են: Այդ օրը հեռուստադիտողները հնարավորություն կունենան վայելելու սիրված կինոֆիլմերի մի իրական հրավառություն, դիտելու առանձին հաղորդումներ հայ մշակույթում կարևոր տեղ գրավող կինոարվեստի մասին, ինչպես նաև հատուկ այդ օրվա համար պատրաստված՝ հայկական կինոյի օրվան նվիրված տեղեկատվական հոլովակը:

Անժելա Համբարձումյան


© 2009 ARMENPRESS.am