Բիտումով, կլինկերով, ապակիով բարձված բեռնատարներից բացի, իրանական ոչ մի մեքենա Երևան չի հասնում

15:42, 10 Ապրիլ, 2020
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բիտումից, կլինկերից և ապակուց բացի, մնացած բոլոր բեռներով իրանական մեքենաները ապրանքը հայկական կողմին են փոխանցում միջսահմանային գոտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորսյանը ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին: 
Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչու որոշում չի ընդունվում, որ իրանական բեռնատարները չհասնեն Երևան, այլ բեռները դատարկեն Մեղրիում, հետո հայկական մեքենաները դրանք տեղափոխեն Երևան՝ հաշվի առնելով  կորոնավիրուսի վտանգը: 
«Երևան են գալիս միայն այն բեռնատարները, որոնք հնարավոր չէ դատարկել. դա բիտումն է, կլինկերը և ապակին, ուրիշ բեռնատար Իրանից Երևան չի գալիս: Քննարկվել և որոշվել է, որ այն բեռները, որոնք հնարավոր չէ դատարկել, ուղեկցումով գալու են դատարկվեն միայն գնորդի մոտ՝ արտադրավայրում, որտեղ այդ նյութն օգտագործվում է: Երկրորդ տեսակի բեռները փոխանցվում են միջսահմանային գոտում: Այսինքն՝ երկու սահմանների միջև կանգնում են բեռնատարները, մի մեքենայից փոխանցվում է մյուս մեքենա: Շփումը մինիմալի է հասցված, մեր հսկողության տակ է»,-ասաց նախարարը:
Մեղրիի անցակետի օրական թողունակությունը 30 մեքենա է: Նախարարը վստահեցրեց, որ այս ամենին հասել են սեփական փորձով: Սկզբում Իրանից եկող ամեն ինչ բերվել է մեկ մաքսային պահեստ: Թորոսյանը նկատեց, որ այդպես շատ դժվար էր հսկողություն անել: Սակայն այդ փոքր ժամանակահատվածում չի արձանագրվել իրանցի վարորդների կողմից հիվանդության փոխանցման որևէ դեպք: «Միգուցե դրանք եղել են և անհետ կորել են, դա էլ է լավ, բայց ամեն դեպքում արձանագրված դեպք չի եղել»,-ասաց նախարարը:
Կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված Հայաստանը խիստ սահմանափակումներ է մտցրել օդային և ցամաքային հաղորդակցության ոլորտում: Լուրջ հսկողություն է իրականացնում սահմանային անցակետերում: 
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։ Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում արգելված են մի շարք տնտեսական գործունեության տեսակներ:
Աննա Գրիգորյան

© 2009 ARMENPRESS.am