Փաստաբանների պալատի վերապատրաստման հեռավար դասընթացին մասնակցել է 253 փաստաբան

14:49, 10 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ փաստաբանների պալատը 2020 թվականին ապրիլի 9-ին կազմակերպել է հեռավար դասընթաց «Դեոնթոլոգիա և մասնագիտական կարգավիճակ» թեմայով, որին փաստաբանները հնարավորություն ունեցան մասնակցելու իրենց գտնվելու վայրից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Փաստաբանների պալատի մամուլի ծառայությունը․

«Google meet հավելվածի միջոցով կազմակերպված դասընթացին մասնակցել է 253 փաստաբան: Դասընթացն անցկացրել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Հաշվի առնելով երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղված միջոցառումները՝ ՀՀ փաստաբանների պալատն առաջիկայում ևս նախատեսում է կազմակերպել հեռավար վերապատրաստման դասընթացներ փաստաբանների համար նույն ձևաչափով:

Փաստաբանների պալատում նախկինում էլ գործել է վերապատրաստման հեռավար հարթակը, որը հնարավորություն էր ընձեռում տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հեռահաղորդակցության միջոցներով՝

- իրական ժամանակում մասնակցել դասընթացին.

- նախապես տեսաձայնագրված նյութը սահմանված կարգով դիտել և պատասխանել թեստային հարցերին»,- ասված է հաղորդագրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am