Կորոնավիրուսի վարակով անձանց հետ հնարավոր շփում ունեցած Արցախի 4 ոստիկանները ինքնամեկուսացվել են

10:19, 10 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, հաստատված կորոնավիրուսի վարակով անձանց հետ հնարավոր շփում ունեցած Արցախի Հանրապետություն «Աղավնո» հսկիչ անցակետում ծառայություն իրականացնող ոստիկանության 4 ծառայողները ինքնամեկուսացվել են։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի տեղեկատվական շտաբից։

«Ինքնամեկուսացված ոստիկանները ջերմություն, վարակին բնորոշ ախտանիշներ կամ որևէ բողոք չունեն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Արցախի տեղեկատվական շտաբը կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ է անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով:

Արցախում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 7-ին դեպքերի թիվը հասել է 3-ի:

Կարեն Խաչատրյան


© 2009 ARMENPRESS.am