Փոխվարչապետը չի բացառում կորոնավիրուսի պատճառով պետական պարտքն ավելացնելու հնարավորությունը

13:35, 9 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չի բացառում, որ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակի պատճառով Հայաստանի կառավարությունը կարող է մեծացնել պետական պարտքը։

«Արմենպրես»ի փոխանցմամբ` այս մասին Գրիգորյանն ասաց ապրիլի 9–ին հրավիրված մամուլի ասուլիսում։

«Չեմ բացառում և որևէ խնդիր չեմ տեսնում պետական պարտքն ավելացնելու հետ կապված։ Թվային գնահատականներ և պահեր սահմանել, ելնելով այն իրավիճակից, որ ունենք այսօր, կարծում եմ, դեռ վաղ է, որովհետև աշխարհում իրադարձություններն այնպես են զարգանում, որ որոշակի ժամանակ պետք է մեր անելիքները ճշգրտելու համար»,– ասաց Գրիգորյանը։

ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման 10 միջոցառում է հաստատել։

Նորայր Շողիկյան


© 2009 ARMENPRESS.am