Գործադիրը քննարկում է բիզնեսին աջակցություն տրամադրելու համար առկա չափանիշները մեղմացնելու հարցը

13:15, 9 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարությունը քննարկում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման շրջանակում բիզնեսին տրվող աջակցության համար առկա չափանիշները մեղմացնելու հարցը։

«Արմենպրես»ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 9–ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

«Միայն երրորդ միջոցառման շրջանակում այն կազմակերպությունները, որոնք բավարարել են չափանիշներին, 87–ն են այս պահին, իսկ որոնք չեն արժանացել աջակցության միայն այն պատճառով, որ հարկային չափանիշներին չեն համապատասխանում, 61–ն են։ Մենք այս շաբաթվա ընթացքում քննարկելու ենք, թե արդյոք մեր կողմից սահմանված պահանջները խիստ չե՞ն, և, եթե մենք գանք այն եզրակացության, որ դրանք շատ խիստ են, ապա հնարավոր է, որ որոշակի ճշգրտումների ենթարկենք այդ պահանջները։ Կարող են վերանայվել այն չափանիշները, թե ինչպես ենք համարում, որ պետության նկատմամբ բոլոր հարկային պարտավորությունները կատարվել են բարեխիղճ եղանակով»,– ասաց Խաչատրյանը։

ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման 10 միջոցառում է հաստատել։ 

Նորայր Շողիկյան


© 2009 ARMENPRESS.am