Ուկրաինայում կարանտինի ընթացքում նվազել են գողության դեպքերը. ՌԻԱ Նովոստի

14:25, 8 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում կարանտինի շրջանում միջինը 35 տոկոսով նվազել են գողության և կողոպուտի դեպքերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ նախորդ տարի մարտի 11-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում երկրում գրանցվել է 26 հազար գողություն: Ընթացիկ տարում այդ ցուցանիշը կազմել է 17 հազար, այսինքն՝ 34.9 տոկոսով պակաս: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր կողոպուտի 815, այս տարի նույն ժամանակահատվածում՝ 543 դեպք: Գրանցվել է 33.4 տոկոսով նվազում:  

Ուկրաինայում մարտի 12-ին, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված, մտցվել էր համընդհանուր կարանտին:  Իշխանությունները չեն բացառում կարանտինի ժամկետի երկարաձգումը: Ապրիլի 6-ից կարանտինի պայմաններն ավելի են խստացել, և այժմ երկրում արգելվում է փողոցում հավաքվել երկու հոգուց ավելի անձանցով, բացառություն է կազմում երեխաներին ուղեկցելը: Արգելվում է նաև այցելել այգիներ, մարզական և մանկական հրապարակներ: Փողոց դուրս եկած քաղաքացիներից պահանջվում է ձեռքի տակ ունենալ փաստաթղթեր:

 


© 2009 ARMENPRESS.am