Արցախի պետնախարարը հորդորել է հետևողական լինել առողջապահական համակարգի կողմից տրվող ցուցումներին

21:46, 7 Ապրիլ, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Արցախում կորոնավիրուսի վարակման հաստատված դեպքից հետո Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը քաղաքացիներին հորդորել է առավել հետևողական լինել առողջապահական համակարգի կողմից տրվող ցուցումներին։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին Մարտիրոսյանն ասել է ապրիլի 7–ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։

«Չնայած հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, սակայն Արցախում որևէ խուճապային տրամադրության պատճառ չունենք, քանի որ մենք պատրաստ ենք և իրականացնում ենք բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ վարակից բխող ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ։ Բնակիչներին հորդորում եմ առավել հետևողական լինել առողջապահական համակարգի կողմից տրվող ցուցումներին»,– նշել է Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ չի բացառվում, որ, իրավիճակի զարգացումներից ելնելով, ուսումնական գործընթացը կրկին դադարեցվի: Հաշվի առնելով, որ Արցախի կրթական համակարգը գործում է ՀՀ ընդհանուր կրթական համակարգին զուգընթաց, ընդունվող որոշումները համահունչ կլինեն հայաստանյան կրթական ոլորտում իրականացվող միջոցառումներին:

Արցախում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հաստատվել է ապրիլի 7–ին։ Միրիկ գյուղի բնակիչը Արցախ էր վերադարձել Հայաստանից։ Նրա հետ շփման մեջ եղած 17 անձ մեկուսացվել է։ Ինքնամեկուսացման ցուցում են ստացել Միրիկ գյուղի բոլոր բնակիչները։

 


© 2009 ARMENPRESS.am