«Ծովագյուղ» և «Գնթունիք» ֆուդ կորտերում հանրային սննդի կազմակերպումը միառժամանակ կասեցվել է

17:56, 7 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նոր տիպի կորոնավիրուսի տարածումը նվազեցնելու նպատակով հայտարարված արտակարգ դրության օրերին Սննդի անվտանգության տեսչական մարմինը միառժամանակ դադարեցրել է «Ծովագյուղ» և «Գնթունիք» սուպերմարկետ-ֆուդ կորտերում հանրային սննդի կազմակերպումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

«Մեր տեսչական մարմնի Գեղարքունիքի և Արագածոտնի մարզային կենտրոնների մասնագետներն ապրիլի 6-ին այցելել են «Ծովագյուղ» և «Գնթունիք» սուպերմարկետ-ֆուդ կորտեր և պարզել, որ այդ վայրերում հանրային սննդի մատուցման գործընթացը դադարեցված չէ։ Մասնագետների ցուցումների համաձայն, հանրային սննդի կազմակերպումը տեղում կասեցվել է և ապրիլի 7-ից այդ ընկերություններն իրականացնում են միայն առաքում», - նշեց Ավետիսյանը։

Հայաստանում ապրիլի 7-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 853 է: Արձանագրվել էր մահվան 8 դեպք: Ապաքինվածների թիվը հասել է 87-ի: ՀՀ կառավարությունը Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով արտակարգ դրություն հայտարարեց 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն։ Երկրում գործում է խսիտ սահմանափակումների ռեժիմ։ Արտակարգ դրության հայտարարելուց հետո Հայաստանում միառժամանակ փակվել են հանրային սննդի բոլոր կետերը՝ արագ սննդի կետերը, ռեստորաններն ու սրճարանները։


© 2009 ARMENPRESS.am