Իրականացվում են մարդասիրական հերթական քայլերը

13:35, 7 Ապրիլ, 2020

ԳԱՎԱՌ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ :Գեղարքունիքի մարզում, պայմանավորված արտակարգ դրությամբ, համայնքներում իրականացվող կանխարգելիչ միջոցառումներին զուգահեռ իրականացվում են բարեգործական եւ մարդասիրական մի շարք նախաձեռնություններ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, բարեսիրական հերթական նախաձեռնությունը «Տարոն» սուպերմարկետինն է` ի դեմս տնօրեն Տիգրան Մարգարյանի: Նրա բարի կամքի շնորհիվ  սեւանցի շուրջ 50 անապահով ու կարիքավոր ընտանիքի բաժանվել են սննդամթերքի փաթեթներ: Այս օրինակելի նախաձեռնությունն  իրականացվել է  կամավորների միջոցով, ովքեր նախօրոք փնտրել,  գտել են անհրաժեշտ հասցեները եւ անշահախնդրորեն հասցեատերերին հասցրել փաթեթները:
Մարտունու քաղաքապետարանի աշխատակազմից ստացված տեղեկատվության համաձայն՝  մ
արտի 21-ից «Մարտունու քաղաքային համայնքի կոմունալ սպասարկում եւ բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրեն Արտյոմ Ասպատուրյանի նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ ստեղծվել է բժշկական դիմակների փոքրիկ կարի արտադրամաս, որը գործում է հենց հիմնարկի շենքի ներսում: Կամավորներ Թագուհի Հակոբյանը, Մարինե եւ Աշխեն Ջամալյանները, ՀՈԱԿ-ի աշխատակիցներ Արմինե Ավետիսյանը, Ռուզաննա Գևորգյանը, Մարիետա Գասպարյանն իրենց մասնակցությամբ աջակցում են այս բարեգործական մտահղացմանը: Աղջիկներն առանց ժամային սահմանափակման կարում են օրական 200 բժշկական դիմակ: Դիմակները տրամադրվում են ինչպես իրավաբանական կազմակերպություններին, այնպես էլ ֆիզիկական անձանց՝ անվճար հիմունքներով:

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am