Հայաստանում կորոնավիրուսի տարածման արագությունը նվազել է

17:23, 6 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թվի կրկնապատկման արագությունը նվազել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղի եթերում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Եթե օրական տոկոսային աճով ենք նայում, ապա մեզ մոտ վերջին երեք օրերին տոկոսային աճը եղել է 4.6%, 6.8% և 1,3%: Կրկնապատկման արագությունը 7 օրը մեկից դարձել է 8 օրը մեկ: Մեր խնդիրն է՝ որքան հնարավոր է, գցել այդ տեմպը»,- ասաց Թորոսյանը:

Հայաստանում ապրիլի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 833 է, արձանագրվել է մահվան 8 դեպք: Ապաքինվածների թիվը 62 է:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։

 

 


© 2009 ARMENPRESS.am