Արմեն Սարգսյանը զրուցել է FAST հիմնադրամի գործադիր տնօրենի հետ

18:16, 3 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար զրույց է ունեցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանի հետ։ «Արմենպրես»-ին  այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 

Նախագահ Սարգսյանը հետաքրքրվել է, թե ստեղծված իրավիճակն ինչպես է ազդել FAST-ի ընթացիկ և հեռանկարային աշխատանքների ու ծրագրերի վրա: Արմեն Օրուջյանը նախագահին է ներկայացրել առցանց և հեռավար ուսուցման շրջանակում իրականացվող նախագծերը:

Նախագահը քաջալերել է հետևողականորեն շարունակել աշխատանքները՝ նշելով, որ դրանք երկրի ապագային, տեխնոլոգիական նորարարության զարգացմանն ու գիտական առաջընթացին միտված ծրագրեր են:

Նախագահն ու FAST հիմնադրամի գործադիր տնօրենը պայմանավորվել են շարունակել քննարկումներն, ինչպես նաև դիտարկել գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM նախագահական նախաձեռնության և FAST հիմնադրամի համագործակցության հնարավորությունները:


© 2009 ARMENPRESS.am