ԱԱՏՄ-ն համայնքային մարմիններում մոնիտորինգ իրականացնելիս խախտումներ է հայտնաբերել

17:22, 3 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը համայնքային և տեղական ինքնակառավարման մարմիններում մշտադիտարկումներ է իրականացրել և որոշներում հայտնաբերել խախտումներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը։

«Բողոքների հիման վրա, համայնքային և տեղական ինքնակառավարման մարմիններում մշտադիտարկումներ իրականացնելիս մենք որոշ դեպքերում խախտումներ ենք արձանագրել՝ առկա չեն եղել հատուկ պաշտպանիչ միջոցներ, աշխատակիցները չեն կրել դիմակ և ձեռնոց։ Նրանց հանձնարարվել է արագ վերացնել դրանք, որպեսզի չդադարի իրենց գործունեությունը»,- նշեց Ավագյանը։

Նա շեշտեց, որ այլ բողոքներ լինելու դեպքում, քաղաքացիները կարող են դիմել և իրենք անպայման այդ վայրերում էլ կիրականացնեն մոնիտորինգ։

Հայաստանում ապրիլի 3-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 736 է, արձանագրվել է մահվան 7 դեպք: Թեստերից 3258-ը բացասական արդյունք է տվել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 686 պացիենտ: Հայաստանում ապրիլի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 43 քաղաքացի: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։


© 2009 ARMENPRESS.am