Արցախում քննարկել են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմման միջոցառումերը

16:14, 3 Ապրիլ, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ապրիլի 3-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումներին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Քննարկվել են տնտեսվարող սուբյեկտների համար նախատեսվող պետական աջակցության մեխանիզմները, մասնավորապես, ընդգծվել է այն շրջանակների հստակեցման անհրաժեշտությունը, որն ունի առաջնահերթ աջակցության կարիք: Անդրադարձ է կատարվել նաև սոցիալական բնույթի աջակցության հնարավորություններին:
Խորհրդակցությանը ներկա գերատեսչությունների ղեկավարներն ու պատասխանատուները հանդես են եկել առաջարկություններով ու զեկույցներով: Այդ առաջարկությունների ու տեղերում լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքում առաջիկա օրերին տնտեսվարող սուբյեկտների ու սոցիալական բնույթի աջակցությունները կառավարության որոշումների նախագծերի տեսք կստանան:
 


© 2009 ARMENPRESS.am