Նախարարը վստահ է՝ չնայած դժվարություններին, տնտեսական ակտիվությունը արագ կվերականգնվի

13:29, 3 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տնտեսական արդյունքի կրճատումը՝ տարեսկզբի կանխատեսումների համեմատ էական կլինի: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, սակայն, վստահ է՝ տնտեսությունն ի վիճակի է արագ վերականգնել պոտենցիալը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարը նման տեսակետ հայտնեց ասուլիսում՝ անդրադառնալով Կենտրոնական բանկի կանխատեսմանը, թե կորնավիրուսը լուրջ բացասական ազդեցություն կունենա տնտեսական աճի տեմպերի վրա:

Նախ նախարարը համաձայնեց ԿԲ-ի կանխատեսման հետ, սակայն նկատեց. «ԿԲ-ի գնահատման առանձահատկությունը կայանում է նրանում, որ դա  կոնկրետ իրավիճակի գնահատական է, այսինքն՝ այդ պահի դրությամբ տրված գնահատական: Մենք գտնում ենք, որ այս տարին այն տարին է, որ էական է լինելու տնտեսական արդյունքի կրճատումը տարվա սկզբին արված կանխատեսումների համեմատությամբ: Տարվա սկզբին այդ արդյուքնները բավականին լավատեսական էին, և երկու ամսվա ցուցանիշները ոչ ավելի վատ էին, քան 2019-ին արձանագրված շատ լավ ցուցանիշները: Սակայն սա ցույց է տալիս մի բան. որ մենք կարող եք արտադրել, կարող ենք ունենալ այնպիսի տնտեսություն, որը աճում է բարձր տեմպերով: Կանցնեն դժվար ժամանակները: Չնայած 2020-ի դժվարություններին՝ մենք արագ կվերականգնենք և´ պոտենցիալը, և´ տնտեսական ակտիվությունը»,-ասաց Խաչատրյանը:

Հայաստանում ապրիլի 3-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 736 է, արձանագրվել է մահվան 7 դեպք: Թեստերից 3258-ը բացասական արդյունք է տվել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 686 պացիենտ: Հայաստանում ապրիլի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 43 քաղաքացի:

 ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։ Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում արգելված են մի շարք տնտեսական գործունեության տեսակներ:

 


© 2009 ARMENPRESS.am