Չինաստանում հարգանքի տուրք կմատուցվի ի հիշատակ կորոնավիրուսի զոհերի. Սինխուա  

09:56, 3 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում ապրիլի 4-ին հարգանքի տուրք կմատուցվի կորոնավիրուսի հետևանքով մահացածների հիշատակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Սինխուա»-ն:

Հիշատակի արարողության ընթացքում ինչպես Չինաստանում, այնպես էլ տարբեր երկրներում կիջեցվեն Չինաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների պետական դրոշները: Ժամանցային բոլոր ծրագրերն ու միջոցառումները կհետաձգվեն:

Ապրիլի 4-ին տեղական ժամանակով 10:00-ին ամբողջ Չինաստանըերեք րոպե լռությամբ  կհարգի զոհերի հիշատակը: Ի նշան վշտի՝ կհնչեն նաև ավտոմեքենաների, նավերի, գնացքների ազդանշանները:

Չինաստանում կորոնավիրուսից 3 հազար 322 մարդ է մահացել: Վարակի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 81 հազար 620 է:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։


© 2009 ARMENPRESS.am