Զարուհի Բաթոյանն անդրադարձավ արտակարգ դրության օրերին աշխատանքից ազատված քաղաքացիների աջակցությանը

17:52, 2 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը աջակցելու է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի համաձայն աշխատել են մասնավոր սեկտորում, առնվազն 2020 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 13-ը անընդմեջ և աշխատանքից ազատվել են մարտի 13-ից 30-ը ընկած ժամանակահատվածում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

«Քաղաքացիները ծրագրի շահառու կարող են դառնալ նաև այն դեպքում, երբ 2020 թվականի հունվարի 1-ից մարտի 13-ը ընկած ժամանակահատվածում փոխել են աշխատանքը,սակայն նախորդ աշխատանքից ազատման օրվա և նոր աշխատանքում պայմանագիր կնքելու ժամանակահատվածը չի գերազանցում 3 օրը։  Այս դեպքում աջակցությունը սահմանված է նվազագույն աշխատավարձի չափով»,- նշեց Բաթոյանը։

Կառավարությունը հանրության է ներկայացրել սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված 5 միջոցառումները, որի նպատակն է աջակցել արտակարգ դրության պայմաններում հասարակության  խոցելի խմբերին։

 


© 2009 ARMENPRESS.am