26,6%-ով ավելացել են կոռուպցիոն քննվող, 58,9%-ով՝ դատարան ուղարկված քրեական գործերի քանակը

14:49, 2 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ գլխավոր դատախազությունը հրապարակել էր 2019թ. կոռուպցիոն հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի ընդհանրական արդյունքները՝ 2018թ. հետ համեմատությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Ըստ այդմ՝ 2019թ. ընթացքում նախաքննական մարմինների վարույթում քննվել է ընդհանուրը 2625 (2018թ․-2072) քրեական գործ, որից ավարտվել է 1006 (2018թ․-749) գործի վարույթ։ Այսինքն 26,6%-ով ավելացել են քննվող քրեական գործերի քանակը, 34,3%-ով՝ գործի վարույթն ավարտված գործերի քանակը: Ընդ որում՝ վարույթն ավարտված գործերում զգալի ավելացել են ինչպես մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված գործերի թիվը՝ 58,9%-ով, այնպես էլ ոչ արդարացնող՝ հիմնականում վաղեմության ժամկետն անցած լինելու, համաներման ակտ կիրառելու հիմքերով վարույթը կարճված քրեական գործերի թիվը՝ 507-ով:

Ըստ քննչական մարմինների՝ կոռուպցիոն դեպքերով 2019թ. քննված քրեական գործերի քանակն ունի հետևյալ բաշխվածությունը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտ- քննվել է ընդհանուրը 157 քրեական գործ, որից ավարտվել է 23 գործի վարույթ: Վերջիններիցս 17-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: 61 գործի նախաքննություն շարունակվել է 2020թ.-ին:

ՀՀ հատուկ քննչական ծառայություն- քննվել է ընդհանուրը 403 քրեական գործ, որից ավարտվել է 214 գործի վարույթ։ 43 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 74 գործի նախաքննություն շարունակվել է 2020թ.-ին:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն-քննվել է ընդհանուրը 14 քրեական գործ, որից ավարտվել է 2 գործի վարույթ։  2019թ. դատարան գործեր չեն ուղարկվել, 8 քրեական գործ ուղարկվել է ըստ ենթակայության այլ քննչական մարմիններ, 3 գործի նախաքննություն շարունակվել է 2020թ.-ին:

ՀՀ քննչական կոմիտե-քննվել է ընդհանուրը 2051 քրեական գործ, որից ավարտվել է 767 գործի վարույթ։ Ավարտված քրեական գործերից 180-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, 237 քրեական գործ ուղարկվել է ըստ ենթակայության այլ քննչական մարմիններ, 681 գործի նախաքննություն շարունակվել է 2020թ.-ին:

Ըստ կոռուպցիոն առավել տարածված առանձին հանցատեսակների՝ 2019թ.-ին նախորդող տարվա համեմատ արձանագրվել է հետևյալ քրեական շարժընթացը:

Պաշտոնեական դիրքի օգտագործմամբ խարդախություն-հարուցվել է 115 քրեական գործ, որը 2018թ. համեմատ պակաս է 20,6%-ով: Սակայն վարույթում քննված քրեական գործերն ավելի են 14.5%-ով: 15-ով կամ 300-ով ավել քրեական գործ է ուղարկվել դատարան, դատի է տրվել 29-ով կամ 223-ով ավել անձ (2018թ.-13 անձ, 2019թ.-42 անձ):

 

Առանձին հանցատեսակներով արձանագրված՝ դատարան ուղարկված գործերի և դատի տրված անձանց ցուցանիշների հետ կապված որոշակի նվազումը՝ պայմանավորված է մի կողմից 2018թ. ընդունված համաներման մասին ակտով, իսկ մյուս կողմից իրավապահ համակարգի որդեգրած այն քաղաքականությամբ, որ ոչ մեծ կամ միջին ծանրության կոռուպցիոն գործերով պետությանը պատճառված վնասը վերականգնելու,  ինչպես նաև օրենքի պահանջների լիարժեք առկայության դեպքում կիրառվում է լայն խրախուսական գործիքակազմ և գործուն զղջալու ու այլ ոչ արդարացնող հիմքերով կայացվում են բազմաթիվ որոշումներ քրեական գործի վարույթը կարճելու մասին։


© 2009 ARMENPRESS.am