Անցակետերում իրականացվելու են մարդկանց ու տրանսպորտի շարժը վերահսկելու գործողություններ

19:58, 1 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության և ԱԱԾ ծառայողները սահմանված վայրերում տեղակայված անցակետերում իրականացնելու են մարդկանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու գործողություններ։ Պարետի որոշումները խախտած անձինք ենթարկվելու են օրենքով նախատեսված պատասխանատվության։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով, Պարետի որոշմամբ, ՀՀ ողջ տարածքում մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումները կշարունակվեն մինչև ապրիլի 12-ը։ Ապրիլի 1-ի ժամը 23.59-ից` աշխատանքի գնացող անձինք պետք է ներկայացնեն նաև գործատուի կողմից լրացված ձևաթուղթ։

Վարակի տարածումը կանխելու նպատակով սահմանափակվել են մարդկանց ազատ տեղաշարժը ինչպես մարզերից մայրաքաղաք և` հակառակը, այնպես էլ մարդկանց ազատ տեղաշարժը մարզից մարզ։ Որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով ապրիլի 1-ին ժամը 14-ից Ոստիկանության և ԱԱԾ ծառայողները սահմանված վայրերում տեղակայված անցակետերում կիրականացնեն մարդկանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու գործողություններ։ Պարետի որոշումները խախտած անձինք կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության»,- ասվում է հաղորդագրության մեջ։


© 2009 ARMENPRESS.am