Կոնտակտավորներին տեղորոշելու համակարգը ունի ճշտության բարձր աստիճան. նախարար

16:53, 1 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կորոնավիրուսով վարակվածների կոնտակտավորներին տեղորոշելու համակարգը ստեղծվել է ծրագրավորողների, վիճակագրության մասնագետների և տվյալագետների կողմից, ովքեր ուսումնասիրել են  միջազգային փորձը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 1-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Համակարգը ավտոմատացված է որոշակի բանաձևերի հիման վրա։ Երբ վարակակրի մասին տվյալները հայտնի կլինեն, ավտոմատացված համակարգի միջոցով կբերվի որոշակի վիճակագրություն, շփումների տեղակայման և զանգերի համընկնումների, պարբերականության մասին և այլն։ Այո, դա չի նշանակում, որ 100 տոկոս ճշտությամբ է աշխատելու  համակարգը, բայց ունի ճշտության բարձր աստիճան»,- ասաց Բադասյանը։

Նախարարի խոսքով՝ համակարգի միջոցով կկարողանան հնարավորինս շուտ տեղեկացնել անձին հնարավոր վարակի մասին և շուտ կոտրել վարակի շղթան։

ՀՀ ազգային ժողովը մարտի 31-ի նիստում ընդունել էր կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հնարավորինս շուտ գտնելու նպատակով ֆիքսել մարդկանց հեռախոսազանգերը։


© 2009 ARMENPRESS.am