Գարիկն ու Սոնան երկրպագուներին են ներկայացրել «Սարի աղջիկ» երգի հոլովակը

11:08, 1 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը, որոնց համագործակցության արդյունքում ծնված ստեղծագործությունները ժողովրդականություն են վայելում, երաժշտասերներին են ներկայացրել հին հայկական «Սարի աղջիկ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոլովակը, որի ռեժիսորը Արման Սարգսյանն է, արդեն հասանելի է «YouTube»-ում:

Երգի գործիքավորումն իրականացրել է Գարիկ Պապոյանը, որը հանդես է գալիս նաև որպես կիթառահար: Բաս կիթառահար՝ Դավիթ Պարոնիկյան, հարվածային գործիքներ՝ Դավիթ Գևորգյան:

Գարիկ Պապոյանն ու Սոնան Ռուբենյանը 2017 թվականից կազմել են «Գարիկ Սոնա» խումբը: Նրանք ներկայացնում են հին ու նոր հայկական երգերի վերամշակված տարբերակներ, հանդես են գալիս համերգներով: 2017 թվականին Գարիկն ու Սոնան Հանրային հեռուստաընկերության «Երգ երգոց» հաղորդման շրջանակում ներկայացրել են Էդգար Էլբակյան կրտսերի «Լուսին» երգը, որը 2018 թվականին ՀՀ մշակույթի նախարարության «Ծիծեռնակ» մրցանակաբաշխությանը ճանաչվել է «Տարվա հիթ»:


© 2009 ARMENPRESS.am