Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածներին հերձման չեն ենթարկի

18:29, 31 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած անձանց չհերձել՝ կանխելով վարակի տարածումը։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ` նախագիծն Ազգային ժողովում ներկայացրեց Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը։

«Նախագծով առաջարկվում է շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների հետևանքով մահվան դեպքերում պարտադիր հերձում իրականացնելու դեպքերից նախատեսել բացառություն` կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում, կանխելով հերձման արդյունքում վարակի հնարավոր տարածումը, ելնելով բնակչության կենսաանվտանգության ապահովման առաջնահերթությունից»,– ասաց նախարարի տեղակալը։

Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն` 69 կողմ ձայնով։ «Բարագավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չէին մասնակցում հրավիրված արտահերթ նիստին։

 


© 2009 ARMENPRESS.am