Նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանը քվեարկել է Արցախի կայունության և խաղաղության համար

15:32, 31 Մարտ, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Հայ hեղափոխական դաշնակցություն» կուսակցության կողմից Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու առաջարված Դավիթ Իշխանյանն այսօր քվեարկել է Ստեփանակերտի 1/24 ընտրատեղամասում:

«Արմենպրես»ի փոխանցմամբ` քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Դավիթ Իշխանյանն ասել է, որ անցած մի քանի ամիսների ընթացքում իրենք նախանշել են այն սկզբունքները, որիոնց շուրջ այս ընտրություններից հետո պետք է պատկերացնեն Արցախի ապագան:

«Այդ սկզբունքների շուրջ կառուցել ենք նաև մեր քարոզարշավը, դրանք վերաբերում են ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմակայելու մեր պատկերացումներին: Այսօր ես քվեարկել եմ Արցախի ապագայի կայունության և խաղաղության համար, որը ինչ-որ տեղ պայմանավորված է նաև ՀՅԴ-ի լիարժեք մասնակցությամբ, անկախ նրանից մեր կուսակցությունը ինչ կարգավիճակով կլինի: Մտնելով մրցապայքարի մեջ՝ մենք մեր շանսերը գնահատել ենք շատ ռեալ: Ինչ վերաբերում է ընտրությունների ընթացքին, նշեմ, որ տարբեր տեղերից կան ահազանգեր՝ կուտակումների, քվեաթերթիկը նկարելու վերաբերյալ, սակայն այդ մասին արդեն իսկ ահազանգել ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Այս պահի դրությամբ հուսադրող է ընտրողների ակտիվ մասնակցությունը»,- նշել է Իշխանյանը:

Արցախում մարտի 31–ին մեկնարկել են նախագահական և խորհրդարանական համապետական ընտրությունները։

Ժամը 08:00-ի դրությամբ բացվել են կազմավորված 282 ընտրական տեղամասերը, որոնցից 1-ը գտնվում է Երևանում` Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում, մեկ տեղամաս էլ բացվել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում։

Արցախում նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում է 14 թեկնածու։ Նրանք են` Քրիստին Բալայանը, Վիտալի Բալասանյանը, Սերգեյ Ամիրյանը, Դավիթ Բաբայանը, Բելա Լալայանը, Արայիկ Հարությունյանը, Հայկ Խանումյանը, Դավիթ Իշխանյանը, Վահան Բադասյանը, Մասիս Մայիլյանը, Աշոտ Ղուլյանը, Ռուսլան Իսրայելյանը, Աշոտ Դադայանը և Մելսիկ Պողոսյանը։

Ազգային ժողովում տեղ զբաղեցնելու համար ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ. 

  1. «Ազգային վերածնունդ» կուսակցություն
  2. «Միասնական հայրենիք» կուսակցություն 
  3. «Անկախության սերունդ» կուսակցություն 
  4. «Հայ hեղափոխական դաշնակցություն» կուսակցություն 
  5. Արցախի հեղափոխական կուսակցություն
  6. «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք 
  7. Արցախի «Արդարություն» կուսակցություն
  8. Արցախի ժողովրդավարական կուսակցություն
  9. «Միացյալ Հայաստան» կուսակցություն
  10. Արցախի պահպանողական կուսակցություն
  11. Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն
  12. «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք

Գործում է 8 ընտրական հանձնաժողով՝ Ստեփանակերտ քաղաքում և Արցախի 7 շրջաններում: Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ Արցախի Հանրապետության ընտրողների թիվը կազմում է 103 հազար 663։

Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու և ընտրությունների ընթացքը լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 963 դիտորդ և ԶԼՄ 231 ներկայացուցիչ։


© 2009 ARMENPRESS.am