Որևէ նոր տվյալ չի հավաքվում, օպերատորների մոտ առկա տվյալները համատեղվում են մեկ բազայում. Բադասյան

12:31, 31 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հայտնաբերելու նպատակով կառավարության առաջարկած զանգերի ֆիքսման մեխանիզմով քաղաքացիների մասին որևէ նոր տվյալ չի հավաքվելու, պարզապես օպերատորների մոտ առկա տվյալները համատեղվելու են մեկ բազայում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վստահեցրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուսաստամ Բադասյանը՝ ԱԺ-ում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը:

«Այս սահմանափակումները վերաբերում են բացառապես համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրությանը, այդ դրության ավարտից հետո որևէ սահմանափակում չի գործելու: Որևէ նոր տվյալ քաղաքացիների մասին չի հավաքվում և մշակվում, օպերատորների մոտ արդեն առկա տվյալները համատեղվում են մեկ միասնական բազայում համաճարակի դեմ պայքարելու համար, այսինքն` նոր տվյալների հավաքագրման մասին խոսք չի գնում: Բոլոր մեկտեղաված տվյալները ենթակա են լինելու ոչնչացման արտակարգ դրության ավարտից հետ՝ ոչ միայն անձնավորված, այլ նաև ապանձնավորված տվյալները: Այս ամենը որևէ կերպ չի ենթադրում հեռախոսային խոսակցության բովանդակության բացահայտում, կարևոր է միայն զանգի կատարման և տեղակայման փաստը»,-ասաց նախարարը:

Բադասյանը բացատրեց, թե ինչու է անհրաժեշտ զանգի փաստը և ինչու է  այս համակարգն արդյունավետ: «Ենթադրենք վարակակիրը ինտենսիվ շփման մեջ է եղել 10 անձի հետ, որոնցից 5-ի մշտապես տեղակայման փաստը ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ գտնվել են մեկ տեղակայման վայրում, ինչը նշանակում է , որ մեծ է հավանականությունը, որ զանգ է կատարվել և մեկ տեղակայման վայրում են գտնվել, օրինակ, 7-8 օր: Այսինքն՝ մեծ է հավանականությունը, որ այդ անձինք վարակվել են: Հետևաբար, լրացուցիչ գործողություններ կկատարվեն այդ անձանց մեկուսացնելու համար: Իսկ մյուս 5 անձինք, որոնց հետ մշտապես զանգեր են կատարել, սակայն կպարզվի, որ նույն տեղակայման  վայրում չեն գտնվել, օրինակ, եղել են Գյումրիում և Երևանում, նշանակում է, նրանք որևէ հետաքրքրություն չեն ներկայացնի և նրանց մասով լրացուցիչ գործողություն իրականացնելու անհրաժեշտություն չի լինի»,-վսահեցրեց նա:

Բադասյանի խոսքով՝ ապավինում են գիտությանը և մասնագետների կարծիքին, որոնք մասնրամասն ուսումնասիրել են Իսրայելի, Հարավային Կորեայի, Չինաստանի փորձը համաճարակի դեմ պայքարում և հանգել այն եզրակաացության, որ այս համակարգն ամենաադյունավետն է:

«Եթե ես որևէ պահի կասկածեի, որ այս միջոցով հնարավոր չի լինելու փրկել մարդկանց կյանքեր, ապա կառավարությունն այս նախագիծը հաստատ հետ կկանչեր»,-վստահեցրեց նախարարը:

Նախագծում որոշակի լրամշակումներ են կատարվել առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում: Մասնավորապես, բացառվել է  հեռախոսային խոսակցությունների ավարտի մասին տվյալներ ստանալու հնարավորությունը, հստակեցվել է առողջապահության ոլորտի պետական կառավարման մարմիններից տվյալներ պահանջելու և ստանալու հնարավորությունն ու կարգը, բացառվել է  ապանձնավորված տվյալները պահպանելու հնարավորույթունը, և սահմանվել է, որ բոլոր տվյալները պետք է ոչնչացված լիյեն ոչ ուշ, քան արտակարգ դրության ավարտից մեկ ամիս հետո: Սահմանվել է, որ այն անձինք, որոնք կբացահայտվեն առողջապահության ոլորտի պետական կառավարման համակարգի մարմիններից, կազմակերպություններից և բժշկական օգնութուն ու սպասարկում իրականացնողներից, նույնպես պարտավոր են պահպանել տվյալների գաղտնիությունը: Եվ էլեկտրոնային հաղորդակցության միջոցների կիրառման հետ կապված կարգավորումներն այնպես են վերաձևակերպվել, որ հստակ լինի դրանց կիրառման այլընտրանքային բնույթը:

Բադասյանը նաև նշեց, որ երեկ, երբ ԱԺ-ում քննարկվում էր նախագիծը, անձնական տվյալների ավտոմատացված մշակման դեպքում անհատների պաշտպանության մասին կոնվենցիայի նախագահողն ու Եվրոպայի խորհրդի անձնական տվյալների պաշտպանության հարցերով հանձնակտարաը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:  Նա անդրադարձավ դրանց հիմնական կետերին: Օրինակ նշել են, որ կոնվենցիան նաև ամրագրում է որոշ բացառություններ ու սահմանափակումներ նախատեսելու անհրաժեշտություն՝ ելնելով հանրության և անձանց կենսական շահերից: Ըստ հայտարարության՝ սահմանափակումները պետք է  լինեն ժամանակավոր և սահմանափակվեն միայն արտակարգ դրության ժամանակահատվածով:


© 2009 ARMENPRESS.am