Փրկարար ծառայությունը ողջ հանրապետությունում կատարելու է ախտահանման աշխատանքներ

21:30, 27 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները մարտի 28-ի առավոտյան 6։00-ից օրական երկու անգամ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կատարելու են ախտահանման աշխատանքներ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 27-ի մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը՝ ներկայացնելով ԱԻՆ ձեռնարկված քայլերը կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ։

«Շեշտը հիմնականում դրվելու է կանգառների վրա»,- ասաց Հարությունյանը։

Ըստ նախարարի տեղակալի՝ մինչ այդ Արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ստորաբաժանումները ախտահանման աշխատանքները կատարել են ըստ անհրաժեշտության թե Երևանում, թե մարզերում։

«Համայնքապետը կամ քաղաքացիները ահազանգել են տվյալ համայնքի կամ «911» ծառայություն և խնդրել կատարել ախտահանման աշխատանքներ։ Մինչ այս պահը կատարվել է ըստ ահազանգների»,- եզրափակեց նախարարի տեղակալը։

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հայաստանում մարտի 27-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 329 է: Կորոնավիրուսից ապաքինվել է 28 քաղաքացի: Մարտի 26-ին մեկ քաղաքացի մահացել է:


© 2009 ARMENPRESS.am