Այս տարի նախատեսվում է աշնանացան ցորենի 155 հազար տոննա բերք

18:41, 27 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը նախատեսում է այս տարի ունենալ աշնանացան ցորենի 155 հազար տոննա բերք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության խոսնակ Աննա Օհանյանը` վստահեցնելով, որ Հայաստանը չունի պարենային անվտանգության խնդիր:

«Մեր գյուղատնտեսության հատվածի պատասխանատուների տեղեկացմամբ՝ օրինակ՝ այսօր Հայաստանի Հանրապետություն է մտել  երկու մեքենա ցորեն` յուրաքանչյուրը 20 տոննայով: Եվ այս տարի աշնանացան ցորենի  155 հազար տոննա բերք է նախատեսվում»,-ասաց Օհանյանն ու հիշեցրեց, որ բերքահավաքը կսկսվի մայիսի սկզբից:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանը կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի պայմաններում ներկրման որոշակի սահմանափակումներ ունի Իրանի հետ:


© 2009 ARMENPRESS.am