Մայր թատրոնն ապրիլին առցանց կցուցադրի չորս ներկայացում  

11:56, 27 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն ապրիլ ամսին թատերասերներին կներկայացնի չորս ներկայացում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բեմադրությունների տեսագրությունները հնարավոր կլինի դիտել թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

Ապրիլի 6-ին ցուցադրվելու է «Արծվաբույն» ներկայացումը, ապրիլի 13-ին՝ «Տրամվայ ցանկություն»-ը: Ապրիլի 20-ին հանդիսատեսը վիրտուալ հարթակում կարող է դիտել «Մուսա լեռան 40 օրը» հերոսապատումը, իսկ ապրիլի 27-ին՝«Ռիչարդ Երրորդը տեղի չի ունենա կամ դրվագներ Մեյերխոլդի կյանքից» բեմադրությունը:

Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մեկ ամիս ժամկետով՝ մարտի 16-ի 18։30-ից մինչև ապրիլի 14-ի 17։00-ն, հայտարարվել է արտակարգ դրություն։ Հետաձգվել կամ չեղարկվել են բազմաթիվ զանգվածային միջոցառումներ: Մշակութային հաստատությունները որոշ ժամանակով դադարեցրել են իրենց գործունեությունը: Դրանցից շատերը արվեստասերների հետ կապը փորձում են պահպանել վիրտուալ հարթակում:


© 2009 ARMENPRESS.am