Հիփոթեքային վարկերի մարումները մինչև 6 ամսով հետաձգելու հնարավորություն․ ԿԲ-ի հայտարարությունը

14:06, 26 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ և «Բնակարան Երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ, հետևելով ստեղծված իրավիճակին և նպատակ ունենալով աջակցել ֆինանսական դժվարությունների բախված վարկառուներին, հնարավորություն են ստեղծում իրենց ծրագրերի շրջանակներում տրամադրված վարկերի գծով մայր գումարների մարումները հետաձգել մինչ 6 ամսով, այն է՝ սույն թվականի սեպտեմբեր ամիսը ներառյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ կենտրոնական բանկի հասարայնության հետ կապերի ծառայությունը։

«Հիշյալ հնարավորությունից օգտվելու համար ֆինանսական դժվարություններ ունեցող վարկառուները պետք է դիմեն վարկը տրամադրած բանկին կամ վարկային կազմակերպությանը։  

Միևնույն ժամանակ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ և «Բնակարան Երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ վարկառուներին հորդորում են ֆինանսական դժվարությունների բացակայության պարագայում կատարել վարկերի գծով ամսական վճարումներն ամբողջ ծավալով, ինչպես նաև հնարավորության դեպքում վճարումներն իրականացնել օնլայն՝ առանց ֆինանսական կազմակերպություններ այցելելու»,- ասված է տարածված հայտարարության մեջ։

 

 


© 2009 ARMENPRESS.am