Կառավարությունը պետբյուջեի ծախսերի ու եկամուտների մասով փոփոխություններ կկատարի

13:34, 26 Մարտ, 2020
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում ծախսերի ու եկամուտների մասով պետք է որոշակի փոփոխություններ կատարի: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ սա առանձին քննարկման թեմա է: 
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը համաձայնեց ասվածի հետ և հավելեց, որ անցած տարվա հունիսին, օգոստոսին, նոյեմբերին արված կանխատեսումները 2020-ի և առաջիկա տարիների համար կորցրել են իրենց արդիականությունը:
«Բյուջեում կատարվելիք այդ փոփոխությունների բովանդակությունն այն է, որ հարկաբյուջետային քաղաքականությունը հակացիկլիկ իր տրամաբանությունն է փորձում իրականացնել ու ավելացնել մասնակցությունը տնտեսության մեջ: Ինչ վերաբերում է մեր հիմնարար աշխատանքներին, ուզում եմ հղում անել, որ մենք անելու ենք այն, ինչ կառավարության ծրագրով նախատեսված էր, ուղղակի դա անելու ենք ավելի արագ և ավելի խորը տրամաբանությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ջանջուղազյանը:
Որոշում կայացվեց մինչև ապրիլի 1-ը հեռակա կարգով կառավարության նիստ անել և փոփոխությունները կատարել, որպեսզի հնարավոր լինի Կորոնավիրուսի հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագրից բխող քայլերն արագ կատարել, որ գումարները մտնեն տնտեսություն ու շրջանառվեն

© 2009 ARMENPRESS.am