Արամ Ա կաթողիկոսը Նուբար Աֆեյանի հետ զրուցել է կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկման մասին

16:43, 25 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել ամերիկահայ հայտնի գործարար և բարերար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, ամերիկյան «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերության համահիմնադիր և նախագահ Նուբար Աֆեյանի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը:

Նշվում է, որ Նուբար Աֆեյանը Վեհափառ Հայրապետին մանրամասն ներկայացրել է իր ընկերության կատարած մասնագիտական աշխատանքները: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը բարձր գնահատանք է հայտնել Նուբար Աֆեյանին՝ նրա աշխատանքը համարելով համամարդկային առաքելություն, որը պատիվ կբերի մեր ազգին ու հայրենիքին։

Ամերիկյան «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերությունը ստեղծել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, որը մարտի 17-ից կլինիկական փորձարկումներ է անցնում Միացյալ Նահանգների Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում գտնվող Kaiser Permanente առողջապահության հետազոտական ինստիտուտում:


© 2009 ARMENPRESS.am