ԱԺ-ն քննարկում է Հանրային հեռուստաընկերության գովազդ հեռարձակելու իրավունքը վերականգնելու առաջարկը

14:24, 25 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է գովազ հեռարձակելու հնարավորություն տալ Հանրային հեռուստաընկերությանը:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օրենքի նախագիծը խորհրդարանում ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը:

«Մինչև 2014թ. Հանրային հեռուստաընկերությունն իրավունք է ունեցել առևտրային գովազդ հեռարձակելու, որը չէր կարող գերազանցել հաղորդումների 7%-ը, դրա արդյունքում առաջացել են ֆինանսական միջոցներ, որոնք հեռուստաընկերությունն օգտագործել է իր կարիքների համար: 2015թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությամբ՝ Հանրային հեռուստաընկերությունը զրկվել է առևտրային գովազդ հեռարձակելու իրավունքից: Սույն նախագծով սահմանվում է գովազդի իրավունքի վերականգնում, որը չի կարող տեղի ունենալ մեկ եթերաժամի հաշվարկով ավելի, քան 5 րոպեն»,- ասաց Դանիելյանը:

Օրենքի նախագծով նաև կարգավորվում են սոցիալական գովազդի հետ կապված հարաբերությունները՝ ժամը 00:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում սոցիալական գովազդը հեռարձակվում է անհատույց հիմունքներով: Ժամը 18:00-ից մինչև 00:00-ն ընկած ժամանակահատվածում սոցիալական գովազդը հեռարձակվում է վճարովի հիմունքներով՝ «Գովազդի մասին» օրենքով սահմանված կարգով:


© 2009 ARMENPRESS.am