Հիմնադրամների հաշվետվության հրապարակման գործընթացը կհեշտանա

10:32, 25 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց հիմնադրամների հաշվետվության հրապարակման գործընթացը հեշտացնող օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխացմամբ՝ «Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթն Ազգային ժողովի մարտի 25-ի նիստում ստացավ 113 «կողմ» ձայն:

Գործող կարգավորումներով հիմնադրամները պարտավոր են իրենց գործունության մասին հաշվետվություն ներկայացնել, հաշվետվությունը հրապարակել azdarar.am հարթակում, դրանից հետո 30-օրյա ժամկետում նույն հաշվետվությունը թղթային եղանակով ներկայացնել ՊԵԿ՝ որպես հիմնադրամների նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին: Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է հիմնադրամների հաշվետվությունների էլեկտրոնային հրապարակում ՊԵԿ-ի կողմից նախատեսված էլեկտրոնային հաշվետվությունների հարթակի հատուկ էջում և դրանով սահմանափակվել:

Այսինքն՝ ՊԵԿ լրացուցիչ հաշվետվություն ներկայացնելու և azdarar.am կայքում հրապարակելու պահանջը դուրս է գալիս:

 

 


© 2009 ARMENPRESS.am