ԱԺ-ն քննարկեց միջին մասնագիտական կրթությանն առնչվող օրինագիծը

16:04, 24 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որն աշակերտներին հնարավորություն կտա նաև վճարովի հիմունքներով սովորել նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մխիթար Հայրապետյանի, Նաիրա Զոհրաբյանի և Հարություն Բաբայանի հեղինակած «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ներկայացրեց Մ. Հայրապետյանը:

Գործող օրենքի համաձայն աշակերտները միայն անվճար հիմունքներով կարող են սովորել նախնական և միջին մասնագիտական հաստատություններում: Առաջարկվում է հնարավորություն տալ, որ աշակերտները նաև վճարովի հիմունքներով կարողանան սովորել նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում:

Նախագծի երկրորդ փոփոխությունը վերաբերում է հիմնականում արվեստի ուղղվածություն ունեցող բուհերին: Ինչպես հայտնել էր Հայրապետյանը՝ այդ փոփոխությամբ օրինակ Ռ. Մելիքյանի անվան քոլեջը կամ Փ. Թերլեմեզյանի անվան քոլեջն ավարտելուց հետո անմիջապես 2-րդ կուրսում առկա ուսուցումը շարունակելու հնարավորություն է ընձեռվում:

Օրենքի նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է փետրվարի 13-ի ԱԺ նիստում՝ 113 կողմ ձայնով

 


© 2009 ARMENPRESS.am