ԱԺ-ն քննարկեց Քաղաքաշինության կոմիտեին նոր լիազորություն տվող նախագիծը

12:15, 24 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կոմիտեին վերապահել քաղաքաշինության նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի հաստատման  լիազորություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախագիծը ԱԺ մարտի 24-ի նիստում ներկայացրեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը:

«Նախագծի նպատակն է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնին վերապահել բնագավառի գործունեությունը կարգավորող քաղաքաշինական նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի հաստատման լիազորություն: Նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի պահանջի կատարումը պրատադիր է  քաղաքաշինական գործունեություն իրականացնող սուբյեկտների համար: Ըստ այդմ Քաղաքաշինության կոմիտեի առաջնահերթ նպատակներից է քաղաքաշինական գործունեության իրականացման դաշտը կարգավորող նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի, այդ թվում տեխնիկական կանոնակարգերի, շինարարական նորմերի, կանոների, հավաքածուների և այլ փաստաթղթերի մշակումն ու հաստատումը»,-ասաց Ղուլարյանը:

 Նա նշեց` նախորդ տարիներին նորմատիվ տեխնիկական փաստաթղթերը հաստատվել են նախարարի, ապա կոմիտեի նախագահի հրամաններով: Եվ հիմա անհրաժեշտություն է  առաջացել հստակեցնել քաղաքաշինության բնագավառում նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի հաստատման մասով քաղաքաշինական բնագավառի պետական կառավարման մարմնի իրավասություններն ու այն ամրագրել Քաղաքաշինության մասին օրենքում:


© 2009 ARMENPRESS.am