Արտակարգ դրության պայմաններում ԱԺ նիստ չանցկացնելու Մարուքյանի առաջարկը չընդունվեց

10:42, 24 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խմբակցություններին առաջարկեց քվորում չապահովել և նիստ չիրականացնել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մարուքյանը հայտարարեց մարտի 24-ին խորհրդարանի նիստի ընթացքում:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի ժամանակ այն որևէ ազդեցութուն չի ունենում Ազգային ժողովի գործունեություն վրա, բայց այս նորմը սահմանադիրը նախատեսել է այն պարագաների համար, երբ կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն՝ դրանով թույլ չտալով, որ Ազգային ժողովը գործի: Ես կարծում եմ, որ քառօրյա նստաշրջանը գումարելով հիմա, 130 հոգով այստեղ հավաքվելով և մեր աշխատողներին այստեղ հրավիրելով վատ օրինակ ենք ծառայում, մանավանդ վարչապետի երեկվա հայտարարությունից հետո: Եվ ես առաջարկում եմ խմբակցություններով քննարկել, ԱԺ-ում մնանք միայն խորհրդի անդամներով, հիմա քվորում չապահովենք, չհաստատենք օրակարգը, և այդ ճանապարհով նիստ չիրականացնենք»,- ասաց Մարուքյանը:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ խորհրդարանի աշխատանքը չի կարող խաթարվել արտակարգ դրության օրերին:

«Այս ընթացքում՝ մինչ արտակարգ դրությունը շարունակվում է, Ազգային ժողովը չի կարող կասեցնել իր աշխատանքները: Մենք չգիտենք, թե արտակարգ դրությունը երբ կավարտվի, 30 օրով է այն, բայց սա շարունակաբար կարող է երկարել: Նույնիսկ վերլուծություն կա մի քանի ամիսների, տարվա մասին, մենք այդ ռեժիմով չենք կարող մի տարի մնալ և պետք է երկրի համար կարևոր օրենքներ ընդունենք»,- նշեց Միրզոյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկը հավանության չարժանացավ, Ազգային ժողովը սկսեց իր աշխատանքները:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 235 է: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: Մարտի 21-ին արձանագրվել է ապաքինման երկրորդ դեպքը։ Կորոնավիրուսի տարածման առաջնակի դեպքերից մեկն արձանագրվել է Էջմիածնում, մյուսը՝ Շենգավիթում՝ արտադրամասում. երկու դեպքում էլ վարակակիրը եկել էր Իտալիայից։


© 2009 ARMENPRESS.am