Աննա Հակոբյանը խնդրում է քաղաքացիներին մնալ տանը՝ կորոնավիրուսն արագ հաղթահարելու համար

15:04, 21 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում խնդրել է քաղաքացներին հանուն իրենց ընտանիքների մնալ տանը, օգնել բժիշկներին և պատկան մարմիններին՝ ավելի արագ հաղթելու այս համաճարակին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վարչապետի տիկինը գրառման մեջ նշել է, որ հասկանում է քաղաքացիներին՝ դժվար է երկար ժամանակ փակված մնալ տանը, սակայն այլ ճանապարհ չկա։

«Շատերիդ պես, մեր ընտանիքի համար էլ է դժվար այս օրերին փակված մնալ տանը։ Հասկանում ու գիտակցում ենք, որ շատերդ կարոտել եք դասերին, ընկերներին, աշխատանքին, գարնանային Երևանում զբոսնելուն։ Մենք էլ ենք կարոտել։ Սակայն այս պահին անչափ կարևոր է մեր բոլորի բարձր գիտակցությունը։

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակածների և մահերի ցուցանիշը սարսափելի է։ Բարեբախտաբար, մեր երկրում մահվան դեպք չի գրանցվել, սակայն վարակվածների թիվն էլ մտահոգիչ է։

Հետևաբար, հանուն մեզ, հանուն մեր ընտանիքների, մեր երեխաների, մեր ծնողների, մեր ընկերների, մեր համաքաղաքացիների, մեր երկրի ու մեր ժողովրդի մնանք տանը, օգնենք բժիշկներին և պատկան մարմիններին ավելի արագ հաղթելու այս համաճարակին։

Օգնենք նրանց ավելի շուտ բնականոն կյանքի վերադառնալու ցանկությամբ։ Աստված պահպանի մեր երկիրը և մեր ժողովրդին»,- գրել է Հակոբյանը։

Վարչապետի տիկինը գրառմանը կից 2019 թվականի լուսանկար է հրապարակել իր ընտանիքի հետ։

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 21-ի ժամը 10.00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 160-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:


© 2009 ARMENPRESS.am