Փաշինյանն Արցախում նախագահական ընտրությունները հետաձգելու մասին խոսելու հիմք չի տեսնում

21:43, 16 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախում կայանալիք նախագահական ընտրությունները հետաձգելու մասին խոսելու հիմք չի տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում՝ պատասխանելով արտակարգ դրության վերաբերյալ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

«Մեր արտակարգ դրությունը կապված է Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի վերջին մեկ շաբաթում վեցապատկման հետ: Արցախում մինչ այս պահը որևէ դեպք չի արձանագրվել, և ես կոչ եմ անում Հայաստանի և Արցախի մեր սիրելի հայրենակիցներին, որ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում միայն ճամփորդեն դեպի Արցախ ու Հայաստան, մանավանդ, որ մենք այսօր նաև այլ սահմանափակումներ ունենք, որոնք պետք է սահմանափակեն շփումներն այդ թվում մեր զինվորների հետ: Այնպես որ, ես հիմք չեմ տեսնում, որ մենք խոսենք Արցախում նախագահական ընտրությունների հետաձգման մասին»,- ասաց Փաշինյանը:

Արցախում նախագահական ընտրույունները տեղի կունենան մարտի 31-ին:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց: Որոշումը կայացվեց գործադիրի մարտի 16-ի նիստում՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքը:

«Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է ՀՀ կառավարության որոշման նախագծում:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 30-ի, մեկուսացված է ավելի քան 300 հոգի: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա արդեն ապաքինվել է և դուրս է գրվել:

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am