ՌԴ կառավարությունն առաջարկում է սահմանափակել օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր

21:24, 16 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Ռուսաստանի կառավարությունն առաջարկում է ժամանակավորապես սահմանափակել օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկրի տարածք։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, որոշման նախագիծը հրապարակվել է Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքում։

Նախագծի համաձայն՝ սահմանափակումները չեն տարածվում դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական ծառայությունների աշխատակիցների, պաշտոնական պատվիրակությունների անդամների, նավերի և ինքնաթիռների անձնակազմերի, միջազգային երկաթուղային հաղորդակցության բրիգադների, Ռուսաստանում մշտապես բնակվող անձանց և հարազատների հուղարկավորության արարողությանը շտապող քաղաքացիների վրա։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 16-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ: Զրուցակիցները քննարկել են նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու շաբաթով սահմանափակել ուղևորափոխադրումները Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ ապահովելով երկու երկրների քաղաքացիների վերադարձը: Պահպանվելու է բեռնափոխադրումների անխափան գործընթացը:

 

 


© 2009 ARMENPRESS.am