Ծերանոցներում, խնամքի կենտրոններում աշխատող բժիշկների խիստ հերթափոխություն է սահմանված

10:54, 16 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր կենտրոններում ամենօրյա ռեժիմով սահմանված կարգով իրականացվում են ախտահանիչ անհրաժեշտ  բոլոր միջոցառումները: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը:

«Նախարարության ենթակայության ներքո գտնվող բոլոր հաստատություններում՝ ծերանոցներում, երեխաների խնամքի, հոգեկան առողջության կենտրոններում, շարունակվում է պահպանվել կարանտինի ռեժիմը: Բոլոր տեսակի այցելությունները դադարեցված են: Ամենօրյա ռեժիմով կենտրոնների տարածքն ախտահանվում է, տրամադրվում են ախտահանիչ միջոցներ, սահմանված է տեղերում աշխատող բժիշկների խիստ հերթափոխություն»,-ասաց Սոնա Մարտիրոսյանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող տարեցների և երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններում կարանտին էր հայտարարվել դեռ փետրվարի 27–ից:

Հայաստանում մարտի 16-ի ժամը 08:00-ի դրությամբ կա կորոնավիրուսի հաստատված ևս 2 դեպք: Հանրագումարով, կա հաստատված 30 դեպք: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա արդեն ապաքինվել է և դուրս է գրվել:

 


© 2009 ARMENPRESS.am