Արմավիրի և Մեծամորի ԲԿ-ների շտապօգնության բրիգադներն ըստ անհրաժեշտության կսպասարկեն Էջմիածնի կանչերը

15:03, 15 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային վարակի արձանագրված դեպքերով պայմանավորված՝ Արմավիրի մարզի ազգաբնակչության առողջության պահպանման և հնարավոր բարդություններից խուսափելու համար շարունակվում են իրականացվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է ՀՀ Արմավիրի մազպետարանը՝ «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Այսօր Մեծամորի բժշկական կենտրոնից շարժական ռենտգեն սարքը տեղափոխվել է Էջմիածնի բժշկական կենտրոն, որով արդեն իրականացվել է առաջին հետազոտությունը: Ըստ անհրաժեշտության՝ Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոնների շտապօգնության բրիգադները կսպասարկեն նաև Վաղարշապատի հիվանդանոցի կանչերը: Ըստ անհրաժեշտության՝ Մեծամորի բժշկական կենտրոնը բուժօգնություն կցուցաբերի նաև Էջմիածնի բնակիչներին: Մարզը ներկայացնող բժիշկները պատրաստ են անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել մարզային ենթակայության բժշկական հաստատություններում»,- ասված է հայտարարության մեջ:

ՀՀ Արմավիրի մարզպետի հանձնարարությամբ հանգստյան օրերին մարզային ենթակայության պոլիկլինիկաները կաշխատեն մինչև երեկոյան ժամը 19:00-ն: Մարզում կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ուղեգծերը սպասարկող տրանսպորտային միջոցներն օրվա ընթացքում պարբերաբար ախտահանվում են:


© 2009 ARMENPRESS.am