Գեղարքունիքի մարզում կիրականացվի «Սահմանային բնակավայրերի մասնակցային զարգացման խթանում» ծրագիրը

21:16, 12 Մարտ, 2020

ԳԱՎԱՌ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի 22 բնակավայրերում  2020-2023 թվականների ընթացքում կիրականացվի «Սահմանային բնակավայրերի մասնակցային զարգացման խթանում» ծրագիրը:

«Արմենպրես» -ի տեղեկացմամբ՝ այս մասին խոսվեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի եւ  ՄԱԶԾ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացման ծրագրի»  համակարգող Արման Վալենսյանի միջեւ կայացած հանդիպման ընթացքում: Ինչպես մարզպետին ներկայացրեց Արման Վալենսյանը, ծրագրի արժեքը մոտ 2 մլն 700 հազար դոլար է: Այն  իրականացվում է ՄԱԶԾ ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացման ծրագրի, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ եւ ֆինանսավորվում  Ռուսաստանի Դաշնության կողմից:

«Սահմանային բնակավայրերի մասնակցային զարգացման խթանում» ծրագիրն ունի երեք  հիմնական բաղադրիչ, առաջինը՝ համայնքային զարգացման պլանավորում, կառավարում եւ մոնիթորինգ, երկրորդը՝ տնտեսական հզորացում եւ կենսապահովման ուժեղացում եւ երրորդը՝ նորարարական  կիրառական ծրագրերի իրականացում:  Ծրագրի մեկնարկը  սահմանային համայնքներում  կտրվի հաջորդ շաբաթվանից: Աշխատանքները տարվելու են անհատների, գործարարների եւ համայնքների հետ համագործակցված»,-ներկայացրեց ծրագրի համակարգողը:

Հանդիպման ընթացքում Արման Վալենսյանը Գեղարքունիքի մարզպետի հետ քննարկեց  նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի  աջակցությամբ  մարզի մի շարք բնակավայրերի դպրոցական ճաշարաններում  իրականացվելիք  վերանորոգման աշխատանքներին վերաբերող հարցը, նշելով, որ  ծրագրի շրջանակներում  իրենք նպատակ ունեն  մի քանի դպրոցներում  մասնակցություն ունենալ  նաեւ այդ աշխատանքների իրականացմանը: Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը  իր գոհունակությունը հայտնեց ՄԱԶԾ-ի շրջանակներում մարզի սահմանային համայնքներում  իրականացվելիք ծրագրերի համար՝ պատրաստակամություն հայտնելով  անհրաժեշտության դեպքում ցուցաբերել համապատասխան  աջակցություն:

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am