Ղազախստանում և Ղրղզստանում ՀՀ քաղաքացիներին դեսպանությունը հորդորում է իրենց հետ կապի մեջ լինել

13:36, 11 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված՝ Ղազախստանում ՀՀ դեսպանությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին մշտական կապ պահել դիվանագիտական կառույցի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, դեսպանությունը այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք » սոցիալական ցանցի իր էջում:

«Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի՝ աշխարհում արագ տարածման ներկա իրավիճակը՝ ՂՀ-ում ՀՀ դեսպանությունն առաջարկում է մշտական կապ պահել Ղազախստանում ՀՀ դեսպանության հետ, հորդորում է Ղազախստանում և Ղրղզստանում ժամանակավորապես կամ մշտական բնակություն հաստատած ՀՀ քաղաքացիներին դեսպանության էլեկտրոնային փոստին (armkazakhstanembassy@mfa.am) ուղարկել իրենց տվյալները՝ անուն, ազգանուն, բնակության վայրը (մարզ, քաղաք, փողոց, շենք, բնակարան/տուն) և բջջային հեռախոսահամարը՝ կապի պահպանման նպատակով։ Հայտնում ենք նաև, որ նման տեղեկատվության տրամադրումը որևէ պարտավորություն չի առաջացնում։ Գործարկվել է թեժ գծի հեռախոսահամար՝ +7 778 229 18 81»,-ասված է հայտարարության մեջ: Դեսպանությունը միաժամանակ խնդրում է հետևել ՀՀ առողջապահության նախարարության կամ Ղազախստանի և Ղրղզստանի իշխանությունների ցուցումներին և խորհուրդներին։

Ղազախստանում հավատարմագրված ՀՀ դեսպանը համատեղության կարգով կատարում է նաև Ղրղզստանում ՀՀ դեսպանի պարտականությունները՝ նստավայրը Նուր-Սուլթան:


© 2009 ARMENPRESS.am