Կոտայքի մարզպետն անդրադարձել է Աբովյանում ապօրինի շինարարության հետ կապված քրեական գործին

17:08, 10 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզպետն ապօրինի շինարարության հետ կապված քրեական գործի հարուցման առնչությամբ Աբովյանի քաղաքապետի դժգոհությունները տեղին չի համարում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ այդ գործի ուղությամբ աշխատել է 4 պետական մարմին՝ մարզպետարանը, Քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը, Դատախազությունը, Քննչական կոմիտեն: Համայնքային հողամասերի ինքնակամ զավթումը, շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու համար մեղադրանք է առաջադրվել Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանին:

«Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի հարակից տարածքում մեկ տասնյակի շենքերի շենք-շինությունների կառուցման աշխատանքներ են իրականացվում, որոնց հետ կապված քաղաքապետարանում որևէ փաստաթղթեր գոյություն չունեին: Այդ տարածքի մի զգալի հատվածի նկատմամբ որևէ մեկի սեփականության իրավունքը գրանցված չէր և դա չէր կարող վրիպել մարզպետի ինստիտուտի ներկայացուցիչերի աչքից: Այդ տարածքը 5.4 հա է, որից 3.7-ը համայնքային սեփականության հողեր են: Համայնքային սեփականության հողերի վրա ինքնակամ շենք-շինությունների կառուցումը չկասեցնելը, հետևանքները չվերացնելը և օրենքով սահմանված կարգով օրինականացման գործընթաց չհարուցելը ենթադրում է քրեական պատասխանատվություն: Ինչն էլ և արվել է»,-ասաց մարզպետը:

Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ 2019-ի փետրվարին Կոտայքի մարզպետարանն Աբովյանի քաղաքապետարանում իրականացրել է վերահսկողական գործառույթներ։ Արդյունքում՝ հայտնաբերվել են խախտումներ տարբեր ուղղություններով՝  ֆինանսական, քաղաքաշինական, հողաշինական, աճուրդների հետ կապված։ Մարզպետն ընդգծեց, որ փաստերը վերհանվել են, իրավական գնահատականի արժանի դրվագները փոխանցվել են դատախազություն:

Մարզպետը նշեց, որ պատրաստ է աջակցել համայքներին, ներդրողներին, ուղղություն ցույց տալ, միայն թե բոլոր գործընթացները պետք է կատարվեն օրենքի տառին համապատասխան:

 

 


© 2009 ARMENPRESS.am