Ուկրաինայի Բերդյանսկ քաղաքում հայկական խաչքար է տեղադրվել

21:10, 9 Մարտ, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի քաղաք Բերդյանսկի (Զապորոժյեի մարզ) հայերի միության ներկայացուցիչները Ազմոլ միկրոշրջանում հայկական խաչքար են տեղադրել։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AnalitikaUA.net-ը, Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Ռուբեն Մակարյանը հայտնել է, որ սա արդեն չորրորդ տեղադրված խաչքարն է Զապորոժյեի մարզում։ Երկու խաչքարեր գտնվում են Զապորոժյեի հայկական եկեղեցու մոտ, մեկը Մելիտոպոլում եւ չորրորդը երեկ տեղադրվել է Բերդյանսկում։

Տարածաշրջանային ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ հուշարձանի մոտ ծրագրվում է բարեկարգել տարածքը եւ ճեմուղին։ Ապագայում ծրագրվում է այդ տեղում վանք կառուցել։

2015 թվականից Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ երկրում տեղադրվել է 20 խաչքար։ Ուկրաինայի Սոֆիա Կիեւսկայայի հնագույն տաճարի ցուցանմուշներին եւս ավելացել է հայկական խաչքար, որը նվիրված է Կիևյան Ռուսիայի մկրտիչ Սուրբ Վլադիմիրին եւ Աննա Բյուզանդացուն՝ որպես հայ եւ ուկրաինացի ժողովուրդների բազմադարյա բարեկամության խորհրդանիշ։

Անցյալ տարի Ուկրաինայի հայերի միության նախաձեռնությամբ խաչքարեր են տեղադրվել նաեւ Հայաստանում։


© 2009 ARMENPRESS.am